воскресенье, 19 июня 2011 г.

«Ուզո՞ւմ ես Աստծուն տեսնել, նայի´ր շուրջդ, նայի´ր դիմացինիդ աչքերի մեջ...»


Վերջերս ընթերցեցի հետաքրքրաշարժ մի նյութ, որի հեղինակն այն վերագրել էր «ԿՐՈՆ ??? WTF?»:  Բավականին սուր վերնագիր է ընտրված, որը միևնույն ժամանակ և´ վանում է, և´ ձգում: Կարդացի ու հասկացա, որ լռել չեմ կարող` անգամ եթե ասելիքս տեղ չհասնի: Զգացվում է, որ հեղինակը (անուններ չտամ), գրել է մի նյութի մասին, արծարծել է թեմաներ ու հարցեր, որոնք էնքան էլ լավ չի ուսումնասիրել, կամ ուսումնասիրել է մակերեսորեն: Կան հակասություններ, անհիմն արտահայտություններ, սխալ մեկնաբանված հատվածներ, որոնք կարդալու ժամանակ չկարողացա զարմանքս զսպել: ԶԱՅՐԱՑԱ` առանց մեղքի մեջ ընկնելու, իսկ թե ինչպես դա եղավ, կիմանանք ստորև: Արդյունքում որոշեցի գրել այս նյութը, որպեսզի հնարավորինս ճշտումներ մտցնեմ բավականին համարձակ հայտարարությունների մեջ եղած սխալ ձևակերպումների մեջ: Զգուշացնեմ նախապես, որ իմ գրածները համապատասխան են ՄԻԱՅՆ Հայ առաքելական սուրբ եկեղեցու (նյութի հետագա հատվածներում` «Հայ եկեղեցի») դավանանքին, այլ կրոնների պարագաներում ես անելիք չունեմ: Բացի այդ չմոռանանք, որ ՀԱՅ ենք ու արդեն 1710 տարի ա, ինչ ազգային եկեղեցի ունենք: Ներածական մասի համար այսքանը երևի բավարար է, իսկ այժմ անցնեմ բուն թեմային:

ԵՐԵՎԻ ՍԿՍԵՆՔ...
Առաջին-իսկ տողերում արդեն երևում են նյութի քիչ ուսումնասիրման հետքեր, օրինակ` մարդ արարածին բնութագրելու փորձի հատվածում հեղինակն անդրադառնում է մի խնդրի, որ թույլ մարդն իր համար ստեղծում է «աստվածներ» ու « սովորումա, որ իրանից ոչինչ կախված չի, սաղ Աստվածա անում»: Ինձ անչափ հետաքրքրեց, թե որտեղից ենք մենք վերցնում էս ձևակերպումը, որը բնորոշվում է «ճակատագրապաշտություն» տերմինով:
Հայ եկեղեցին մերժում է ճակատագրապաշտությունը` այն համարելով արմատապես սխալ, քանի որ ճակատագրի գոյությունը հակասում է մարդու բանական և ազատ էակ լինելուն, ինչն ուսուցանում է եկեղեցին, ինչը տեսնում ենք Աստվածաշնչում: Հեղինակի հաջորդ նախադասությունը ես կբաժանեմ երկու մասի` մաս, որն ինձ դուր եկավ, մաս որում դարձյալ սխալ ձևակերպում կա: Անդրադառնամ այդ մասերին. « Իսկ հետո? հետո ոչ մի բան, ստացվումա մեկը որը չի կարողանում հասկանալ, որ եթե նստի ու աղոթի ոչ մի բան չի ստացվի, պետք ա վեր կենալ ու գործել» էս ինձ դուր եկած մասն է, որին որպես լրացում բերեմ հայոց պատմությունից քաջածանոթ մի հատված` Վարդանանց պատերազմը, որի հերոս սուրբ քաջերը վեր կացան ու գործեցին, անշուշտ` չմոռանալով նաև աղոթքի մասին, իսկ մի փոքր սխալ է «սեփական ուժերով» հատվածը, քանի որ մեր հույսը միշտ էլ պետք է Աստծու վրա դնենք, բայց քննությունից առաջ, օրինակ, հույսն Աստծու վրա դնելով հանդերձ, միաժամանակ պարապենք, քանի որ Աստված երբեք չի ասում «մա´րդ, դու հանգիստ նստիր` ոտքդ ոտքիդ գցած, Ես ամեն ինչ կանեմ քո փոխարեն»:
Մի փոքր ևս ընթերցելով` հանգեցի մի նախադասության, որը նույնպես շատ դուրս եկավ. « Մտածի քո մեջի եսի մասին, մտածի ու զրուցի քո մեջի ես ի հետ», իսկ ո՞վ է այդ «ես»-ը, եթե ոչ Աստված ինքը, Որն Իր նմանությամբ ստեղծեց մարդուն, Որն Իր շունչը փչեց հողածնի մեջ: Ձեր կարծիքով Բաբելոնի հայտնի աշտարակաշինությունն ինչի՞ ձախողվեց. մարդիկ սկսեցին փնտրել Աստծուն ինչ-որ տեղ երկնքում, փորձեցին հասնել Նրան ու անցնել Նրանից, չհասկանալով մի պարզ բան. «Ուզո՞ւմ ես Աստծուն տեսնել, նայի´ր շուրջդ, նայի´ր դիմացինիդ աչքերի մեջ»:
Հաջորդիվ կուզեմ անդրադառնալ մի հատվածի, որն անշուշտ ճիշտ է, բայց ծնվել է կրոնը ոչ ճիշտ հասկանալու հետևանքով: Մեջբերեմ հատվածը. «Ոչ մեկի ստրուկը պետք չի լինել, ոչ հավատի, ոչ Աստծու, ոչ տգետների, ոչ իրադրությունների ոչ էլ հասարակության... սիրիր ինքդ քեզ»: Չգիտեմ, թե ով է ասել հեղինակին, թե կրոնը «ստրկություն» է պրոպագանդում, Քրիստոնեությունը քարոզում է ազատություն, իհարկե ոչ այն «ազատությունը», որ շատ անգամ տեսնում ենք մեր շրջապատում, որը խելացի մարդիկ կոչում են պարզապես «սանձարձակություն»:
Վերոհիշյալ երկու դատողություններս հիմնավորեմ դարձյալ հեղինակի նյութից քաղված մեջբերումով. « Օրհնվածա էն մարդը ով հասկացել ու գտելա իր մեջի Աստծուն, անիծված ա էն մարդը ով Աստծո ստրուկնա»: Ճշմարիտ խոսքեր: Ահա ևս մի օրինակ այն համոզման, որ անգամ առաջին հայացքից վատ ու սխալ թվացող մի բանում, կարելի է թեկուզ մի պտղունձ ճշմարտություն գտնել:
Ճշմարտության նշույլ գտնելով` ուզում էի արդեն նյութի վերաբերյալ կարծիքս փոխել, բայց տողերի արանքից դուրս թռավ «եթե ուզում ես ինչ որ բան, ինչու չանել» նախադասությունը: Այսքան կտրուկ ու ծայրահեղ դատողություններ անելը գովելի չէ. եթե ես «ուզում եմ» դուրս գալ փողոց ու, ներողություն բերածս օրինակի համար, բռնաբարել առաջին պատահած ծեր կնոջը, ես դա պե՞տք է անեմ ու համարեմ որ ճիշտ եմ անում, եթե անում եմ այն ինչ «ուզում եմ»:
Հաջորդ հատվածը, որին կանդրադառնամ, վերցված է կյանքից, ցույց է տալիս մեր իրականությունը. «Բոնուս են սաղ հավաքում Քրիստոսի մոտ, մեղքերը գործում են գնում աղոթում "ներիր ինձ իմ գիտակցված ու չգիտակցված մեղքերի համար" ու վսյո գնաց նորից նույնը»: Նախադասության սկիզբը բավականին սուր է ստացվել, սակայն արդեն պարզ է, որ դա հեղինակի ոճն է: Դարձյալ չգիտեմ, թե ով է հեղինակին ասել, որ այդպես գործող մարդկանց մեղքերը ներվում են:
Հետագա հատվածներից մեկում, անդրադառնալով մեղքերին, հեղինակը որպես մեղք նշում է «շատակերությունը»: «Ի՞նչ վատ բան կա ուտելու մեջ», «Առանց էդ էլ հիմա բոլորն էլ սիրում են "համով ուտել" ու կշտանալ»: Ուտելու մեջ ոչ մի վատ բան չկա. Կրոնը չի սովորեցնում, որ «համով ուտելը» մեղք է, կամ որ ուտելու մեջ վատ բան կա: Նախ քննենք էն հարցը, թե որն է տվյալ պարագայում մեղք. ոչ թե շատակերությունը, այլ «որկրամոլությունը», որը ոչ թե շատ կամ «համով» ուտելն է, այլ ստրուկի պես ստամոքսին ծառայելը. իմ կարծիքով դժվար թե գտնվի մեկը, ով սխալ չի համարի «ստրկությունը սեփական ստամոքսին»:
Այնուհետև հեղինակն անդրադառնում է հպարտությանը: «Հպարտությունը ի՞նչ վատ բանա»,- հարց է տալիս նա: Հպարտությունը վատ բան չի. ոչ ոք չի կարող ասել, որ հայրենիքով հպարտանալը մեղք է. մեղք է սեփական անձի հանդեպ հպարտությամբ տարված քիթը ցցած ման գալը, քանի որ էդ դեպքում մեծ է ընկնելու հավանականությունը` ոտքերի տակ չնայելու պատճառով:
Ու դարձյալ պղտոր ջրում նշմարվող փոքր մարգարիտ. «Մի տվեք նրանց ովքեր արժանի չեն»,- խրատում է հեղինակը: Սրան ավելացնեմ Աստվածաշնչից հատված, որն ասում է. «Մի տվեք ձեր սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի´ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն» (Մատթեոսի ավետարան գլուխ 7, համար 6):
Տռփանքն արդարացնելու փորձը մատնված է ձախողվելու էն պատճառով, որ հեղինակը «տռփանք» բառը ոչ էնքան ճիշտ է հասկացել. «տռփանք» ասվածը, ոչ թե նորմալ այլ հիվանդագին, անհագուրդ սեռական ցանկությունն է, որը դժվար թե առողջ մարդուն բնորոշ լինի: Ու զարգացնելով սեռական թեման` հեղինակը հարց ա տալիս. «Ինչի՞ ա սեքսը համարվում կեղտոտ ու պատժելի: ուրեմն էլ ոնց ենք մենք ծնվել եկել էս "կեխտոտ աշխարհ", " կեխտոտ ճանապարհո՞վ"»: Իսկ ո՞վ է ասում, որ էտ կեղտոտ բան է, ո՞վ է ասում, որ կրոնը չի ընդունում նորմալ ճանապարհով ծնված երեխային, կամ համարում է էդ սխալ: Կրոնը չի քարոզում արհեստական բեղմնավորում, կրոնը չի քարոզում հրաժարում նորմալ ֆիզիոլոգիական պահանջներին հետևելուց, շեշտեմ` նորմալ: Սխալ է անկանոն, տռփալից հարաբերությունը, որը չի խրախուսվում նաև բժշկության կողմից ու կարող է բավականին լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ. էս դեպքում արդյո՞ք կրոնը սխալ է անում, եթե հետ է պահում էդ հիվանդություններից. իմ կարծիքով` ոչ:
Մեր հասարակությանը բավականին հուզող հարց. մատաղ: «Իսկ էդ մատաղները կամ մաղարիչները որ անում են: Աստծու համար են անում? ծիծաղս եկավ: Իրանք անում են իրանք ուտում են»,- հայտարարում է հեղինակը: Լիովին համաձայն եմ էս հատվածի հետ` յուրաքանչյուր բառի: Հիմնավորեմ. Աստծու համար ոչինչ պետք չի անել, ինչ որ անում ենք մեր համար ենք անում, Աստված մատաղի կարիք չունի, այլ մենք ունենք, իհարկե ոչ էսօրվա մատաղի: Պատմության էջերը թերթելով` գնանք հետ ու տեսնենք, թե ոնց են մեր պապերը մատաղ արել. առել են մատաղացու անասունին, գնացել են եկեղեցու բակ, քահանային օրհնել են տվել աղը, որով կերակրել են անասունին, մորթել են կենդանուն, միսը եփել են ու մինչև վերջին կտորը բաժանել են, առօրյա լեզվով ասած` բարեգործություն են արել` իհարկե առանց տեսախցիկների կամ հարկերից ազատվելու հեռավոր նպատակի: Կասեք սխալ է՞. դժվար թե:
Ի՞նչ էինք անելու, ի՞նչն էին քննադատելու, եթե չլիներ եկեղեցու մոմավառությունը: Բավականին ծեծված թեմա, որը տեղ է գտել նաև իմ ընթերցած նյութի մեջ. «Բա դուք չէի՞ք ասում որ Աստված մի հատաաա... իրանից բացի ոչ մեկին մի խոնարհվի ... բա մոմ վառելս ինչի՞ համարա: Խոնարհվել չի՞»,- հարցնում է հեղինակը: Սիրով պատասխանեմ. մոմ վառելը կրակապաշտություն չի, ոչ էլ հեթանոսություն կամ Աստծուն անարգել: Մոմավառությունը բարեպաշտական սովորույթ է` էկած հնուց, երբ քրիստոնեաները դեռևս քարանձավներում գաղտնի հավաքվում էին, իսկ յուրաքանչյուր քրիստոնյա իր հետ կրակ էր բերում, որպեսզի լուսավորեր եկեղեցին` այն վայրն ուր հավաքվում էին քրիստոնյաները: Այսօր եկեղեցին չի պարտադրում մոմ վառել:
Ահա այն հարցերը, այն հատվածներն ու խնդիրները, որոնք ծագեցին առաջին-իսկ հայացքից: Փորձ կատարեցի հնարավորինս ճիշտ ու հասկանալի ձևակերպել ասելիքս: Հույս ունեմ` հաջողվեց: Ամեն դեպքում չեմ սպասում, որ իմ խոսքերը կընդունվեն «հալած յուղի» պես, բայց ամեն դեպքում...

Վերջում ասեմ` կրոնը երբեք ոչինչ չի թելադրում, կրոնը խրատում է հեռու մնալ չարիքից, ինչպես հոգատար մայրն է խրատում իր երեխային ձեռքը չտանել կրակին:
Ճիշտ հասկացեք կրոնը...



P. S. Զայրույթը մեղք չի, եթե տեղին է. Քրիստոս, երբ տեսավ թե ինչպես են հրեաներն անարգում սուրբ տաճարը, զայրացավ, ու ծեծելով բոլորին դուրս վռնդեց: